Ռուսերեն «իզգոյ» բառի հայերեն թարգմանությունը («վտարանդի» կամ «վտարված») այնքան էլ չի ներկայացնում այդ բառի հարուստ իմաստային խորությունը։ «Իզգոյը» մի կերպար է, որն իր վարքագծի կամ այլ հանգամանքների բերումով կորցնում է իր սկզբնական սոցիալական կարգավիճակը՝ մերժվելով սոցիալական միջավայրի կողմից, ինչը հաճախ ուղեկցվում է նաև մեկուսացմամբ։ Հետևաբար, իմաստային առումով, ըստ էության, «իզգոյը»՝ «մերժվածն է»։
Եթե ներհասարակական մակարդակում «մերժվածը» իր սոցիալական միջավայրից մեկուսացված անհատն է, ապա միջազգային քաղաքական ու ներպետական հարաբերությունների համատեքստում այս եզրույթը նոր չափում է ստանում։ Այն փոխաբերական իմաստով կիրառվում է նաև այն քաղաքական առաջնորդի պարագայում, ով կորցրել է աջակցությունը կամ ճանաչումը իր երկրից դուրս՝ հայտնվելով համաշխարհային հանրությունից մեկուսացված վիճակում։
Այս առումով, հատկապես կարևոր է ըմբռնել, որ քաղաքական «իզգոյ» կարգավիճակը ոչ միայն անձնական բնույթ է կրում, այլև ազդում է այն երկրի ընկալման և դիրքավորման վրա, որը ներկայացնում է տվյալ առաջնորդը, քանի որ քաղաքական «իզգոյացումը» հազվադեպ է սահմանափակվում առաջնորդի անձով, ընդհակառակը՝ նման կարգավիճակը արտացոլում է երկրի և համաշխարհային հանրության միջև հարաբերությունների ձևավորման ուրվագիծը։
Այսպիսով, առաջնորդի անձնական կարգավիճակը՝ որպես «մերժված», անխուսափելիորեն դառնում է ազգի և պետության համար խորհրդանշական «բրենդ», ինչն աներկբայորեն խաթարում է նրա դիրքը համաշխարհային ասպարեզում՝ կործանարար ազդեցություն ունենալու ռիսկից ակնհայտորեն խուսափելու հնարավորության բացակայությամբ։
Դավիթ Անանյան